ՀԱՅԱՍՏԱՆԻ ՈՒ ՍՓՅՈՒՌՔԻ ԳՈՅՈՒԹՅԱՆ ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐՆԵՐԸ․ Արևմտյան Ասիայի ապագա քաղաքական քարտեզի վրա ի՞նչ տեղ է ունենալու Հայաստանը (ներառյալ Արցախը)։ Ընդհանուր 41,2 հազար քկմ տարածքը, որը նաև չունի ելք դեպի ծով, կենսունակ պետություն ունենալու համար բավարար չէ։ Գաճաճ ներուժով Հայաստանը դատապարտված է հարմարվելու գլոբալ և ռեգիոնալ դերակատարների քաղաքականության արգասիքներին։ Այսպիսի ոչ շահավետ պայմաններում անկախ Հայաստանի գոյության ապագան խիստ հարցականի տակ է։ Մեր երկրի միակ ապավենը շուրջ 10 միլիոն հայությունն է ու նրա չկենսագործված իրավունքը։ Սակայն Հայոց Սփյուռքը ևս լրջագույն խնդրի առջև է կանգնած՝ ուծացման վտանգը, հայ ազգային ինքնության կորուստը համընդհանուր սպառնալիք կդառնա Սփյուռքի համար, եթե այսօր հայապահպանության շեշտադրմամբ միասնական ջանքեր չգործադրվեն։ Եթե Հայաստանն ու Սփյուռքը միասնական չեն հայրենատիրության իրավունքով, ապա դատապարտված են։ Քանի դեռ հայությունը հզոր չէ, խոսել Հայոց պահանջատիրությունից ու հայկական աշխարհաքաղաքականությունից առնվազն միամտություն է։ ՀԱՅՈՑ ՎԵՐԻՆ ՊԱԼԱՏԸ՝ ՎԵՐՆԱԽՈՐՀՈՒՐԴԸ ՈՐՊԵՍ ԱԶԳԱՅԻՆ ՄԻԱՍՆԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԵՐԱՇԽԱՎՈՐ «Ո՜վ հայ ժողովուրդ, քո միակ փրկությունը քո հավաքական ուժի մեջ է․․․» Եղիշե Չարենց («Պատգամ», 1933 թ․) Քսանյոթամյա հայկական անկախ պետականությունը, տասնամյակների ու անգամ հարյուրամյակի պատմություն ունեցող սփյուռքի կառույցները մինչև օրս չեն ստեղծել հայության միասնականությունն ապահովող գործուն մեխանիզմ։ Հենց այդ նպատակի համար է նախաձեռնվում ստեղծել Հայոց Վերին Պալատ՝ Վերախորհուրդ, որը լինելու է․ Համայն հայությանը ներկայացնող իրավաքաղաքական կառույց, Հայոց ավանդական իրավունքի և հայրենատիրության պահանջատիրության բարձրացման դրոշակակիր Հայաստանի ու Սփյուռքի համատեղ ծրագրերի ու նախաձեռնությունների համակարգող, Սփյուռքում հայկական ինքնության պահպանման, ազգային մշակույթի տարածման ու զարգացման երաշխավոր, Հայկական աշխարհաքաղաքականության ու համահայկական գաղափարախոսության ճարտարապետ։ Նշված մեխանիզմի գործառնության իրավունքի կիրարկումը հայ ժողովուրդի երաշխավորված ապագայի տեսլական կլինի։ Ցանկացած հայ ունի իրավունք իր հայրենիքի նկատմամբ, որը մեզ ժառանգել են մեր նախնիները որպես ՀԱՅՔ երկիր։ Հայոց Վերին Պալատ՝ Վերնախորհրդի գործառնության միջոցով հայ ժողովուրդը իրավական հնարավորություն ունի լուծելու իր առջև ծառացած խնդիրները և հիմք ստեղծել հայկական ազգային շահի փուլային իրացման համար։ ՀԱՅՈՑ ՎԵՐԻՆ ՊԱԼԱՏԻ՝ ՎԵՐՆԱԽՈՐՀՐԴԻ ՍՏԵՂԾՈՒՄԸ․ Ինչպես է ստեղծվելու Հայոց Վերնախորհուրդը․Համահայկական կառույցն առաջնահերթ պետք է հիմնվի արդարության սկզբունքի վրա, բոլոր որոշումները պետք է ընդունվեն հիմնավոր կոմպրոմիսի տարբերակով և յուրաքանչյուր հայ պետք ներկայացուցված լինելու հնարավորություն ունենա։ ՔԱՅԼ 1․ Հաստատվում է Հայոց Վերնախորհուրդ ձևավորելու նախագիծը և պետական աջակցությամբ դրվում է քննարկման․ ներկայացվում է Հայկական Սփյուռքի կառույցներին, Հայաստանի Հանրապետության և Արցախի բնակչությանը։ Ստեղծվում է հարթակ առաջարկներ և դիտարկումներ ներկայացնելու համար։ ՔԱՅԼ 2․ Կազմակերպվում է Համահայկական համաժողով Հայոց Վերնախորհրդի օրակարգը քննարկելու և հիմնադրման հռչակագրի ընդունման համար։ ՔԱՅԼ 3․ Հայոց Վերնախորհուրդն ինստիտուցիոնալ ամրագրում կարող է ստանա ՀՀ սահմանադրությամբ՝ որպես խորհրդարանի վերին պալատ։ ՔԱՅԼ 4․ Հայոց Վերնախորհուրդն ընդունում է Համահայկական զարգացման ռազմավարության և ոլորտային ու տարածաշրջանային համակարգման ծրագրեր՝ Հայաստանի ու Սփյուռքի առջև ծառացած խնդիրների լուծման մեխանիզմներ գտնելու համար։ ՔԱՅԼ 5․ Հայոց Վերնախորհրդի արդյունավետ գործառնությունն ապահովելու համար Հայաստանում և Սփյուռքում ձևավորվում են Համահայկական նախաձեռնությունների կենտրոններ (ՀՀ դիվանագիտական ներկայացուցչություններին, Եկեղեցական կառույցներին կամ այլ հայկական կառույցներին կից), որոնք իրականացնելու են հայկական ազգային, մշակութային, գիտակրթական, հասարակական և տնտեսական ինքնակազմակերպման գործառույթներ՝ Համահայկական զարգացման ռազմավարության շրջանակներում։ Հայոց Վերնախորհրդի գործառնության միջոցով հայ ժողովուրդը հնարավորություն կունենա հաղթահարելու իր առջև ծառացած սպառնալիքները և հիմք ստեղծել հայկական ազգային շահի իրացման համար։ * Հայոց Վերին Պալատ՝ Վերնախորհուրդը միջազգային հարթակներում ներկայանում է անգլերեն՝ Panarmenian Senate, ռուսերեն՝ Всеармянский Сенат։ senate.panarm.info Навигация по записям Արցախահայերին աջակցության նախագծեր