ՀԱՅԱՍՏԱՆԻ ՈՒ ՀԱՅՈՒԹՅԱՆ ԴԵՐՆ ԱՇԽԱՐՀՈՒՄ Հայ ժողովրդի ապագան վտանգի տակ է։ Հայաստանը չունի բավարար ներուժ տարածաշրջանի տերությունների (Թուրքիա, Իրան) հետ համարժեք մրցակություն ապահովելու համար, մեր երկրի ապագան կախված է միայն Սփյուռքի հետ արդյունավետ փոխգործակցությունից։ Իսկ հայոց Սփյուռքի ահռելի ներուժն արդյունավետ ձևով չի օգտագործվում՝ ի նպաստ հայության զարգացման։ «ԳԼՈԲԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ» ՀԱՅԵՑԱԿԱՐԳ Փոքր տարածքի ու չնչին ռեսուրսների թերությունը հայ ժողովուրդը կարող է կոմպենսացնել ամբողջ երկրագնդում սփռվածության առավելությամբ։ Այսօր անհրաժեշտություն է առաջանում վերանայելու «պետության» հայեցակարգը («պետք» բառից)․ հայ ժողովրդին այսօր անհրաժեշտ է ոչ թե Կովկասի հարավ-արևմտյան մասում ծվարած մի փոքր երկրամաս (որն անգամ չունի ելք դեպի ծով), այլ՝ աշխարհի ողջ հայությանը համախմբող «ՊԵՏ(ք)ՈՒԹՅՈՒՆ»։ Այստեղ է, որ հայ ժողովուրդը պետք է լինի նոր քաղաքագիտական հայեցակարգի ավանգարդում՝ ձևավորելով «Գլոբալ պետականության» տեսլական։ Անկախ բնակության երկրից ու քաղաքացիությունից հայ ազգի ներկայացուցիչը ձևավորվող ՀԱՅԱՊԵՏՈՒԹՅԱՆ մասնիկը պիտի լինի ու իրեն ասոցացնի այդ միասնության հետ։ Աշխարհի ցանկացած հատվածում գտնվող յուրաքանչյուր հայ պետք է կարողանա զգալ, որ իր թիկունքին կանգնած է ավելի քան 10 միլիոնանոց հայությունը, որը միշտ պատրաստ է զորավիգ լինել իրեն։ «Գլոբալ Հայաստան» հայեցակարգի ձևավորման գործում իրենց կարևորագույն ներդրումը կարող են ունենալ․ Հայաստանի Հանրապետությունը, Արցախի Հանրապետությունը, Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ու հյուպատոսական ներկայացուցչությունները, Հայաստանի ու Արցախի համայնքները, Հայ առաքելական եկեղեցին, Հայկական Սփյուռքի համայնքները, Հայկական կազմակերպությունները, կուսակցությունները, առանձին խմբերը, Հայ ժողովրդի անհատ ներկայացուցիչները։ Այս կառույցների ու անհատների նախաձեռնությամբ Հայաստանի և Սփյուռքի համայնքներում կձևավորվեն «ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԵՆՏՐՈՆՆԵՐ»՝ որպես «Գլոբալ Հայաստանի» մշտական համակարգող մարմիններ։ «ԳԼՈԲԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ» ՆՊԱՏԱԿՆԵՐ Նախ անհրաժեշտ է մշակել հայ ժողովրդի ապագայի ռազմավարությունը, հստակ նշել նպատակներն ու դրանց հասնելու մարտավարական քայլերը։ Այսպես՝«Գլոբալ Հայաստանն» ազգային անվտանգության նոր համակարգ է հայության համար, որը տալիս է այլընտրանքային ուղիների մեծ բազմազանություն և զարգացման բազմակողմանի հնարավորություններ։ Հայոց լեզվի, պատմության, մշակույթի և կրոնի պահպանություն՝ որպես ազգային ինքնության ու արժանապատվության վերաարժևորման հենք։ Հայոց պահանջատիրության նոր մեխանիզմների մշակում և հատուկ աշխատանք «ծպտյալ հայերի» հետ՝ որպես Հայոց ցեղասպանության ճանաչման և հատուցման հենք։ Արցախի իրավական կարգավիճակի բարձրացում և սահմանների պաշտպանության ավտոմատացված համակարգի ներդրում՝ որպես Արցախի ժողովրդի ինքնորոշման և անկախ պետականության ճանաչման հենք։ Տնտեսական փոխգործակցության ցանցի ձևավորում Հայաստանի ու հայության կողմից արտադրվող ապրանքների ու ծառայությունների տարածման համար («գլոբալ հայկական ՀՆԱ-ի» ընդլայնում)՝ որպես աղքատությունը հայության շրջանում բացառելու հենք։ Ցանկացած երկրում հայ ազգի ներկայացուցիչների քաղաքացիական ու մարդու իրավունքների պաշտպանում՝ որպես պաշտպանված ազգ լինելու հենք։ Հրատապ օգնության կարիք ունեցող հայերին Հայաստանում, թե Սփյուռքում համապատասխան օժանդակության տրամադրում՝ որպես ապահովված ազգ լինելու հենք։ Հայաստանում և Սփյուռքում հայության տարատիպ նախաձեռնությունների համատեղ իրագործում՝ որպես արարող ազգ լինելու հենք։ «Գլոբալ Հայաստանի» ձևավորմամբ հայ ազգի յուրաքանչյուր ներկայացուցիչը կունենա հնարավորություն լինելու ավելի արժանապատիվ, անվտանգ, բարեկեցիկ։ «ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ՄԻԱՍՆԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՕՐԱԿԱՐԳ» «Գլոբալ Հայաստանի» հայեցակարգի ամբողջական մշակումն ու իրագործումն ամենևին հեշտ գործ չէ․ հայության բոլոր հատվածները պետք է ունենան հնարավորություն արտահայտելու իրենց դիրքորոշումը և միայն կարծիքների համադրությամբ մենք կկարողանանք ձևավորել հայեցակարգի հիմքերը։ Հայեցակարգի վերը նշված դրույթները ենթակա են վերանայման ու վերախմբագրման։ «Գլոբալ Հայաստանի» ձևավորման նպատակի համար մենք նախաձեռնում ենք պայմանական անունով «ՀԱՄԱՀԱՅԱԿԱՆ ՄԻԱՍՆԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՕՐԱԿԱՐԳ» ձևավորման մասին։ Օգտագործելով ժամանակակից ցանցային տեխնոլոգիաների հնարավորությունները՝ յուրաքանչյուր հայ կարող է մասնակից դառնալ նախաձեռնությանը՝ անկախ պետական, կուսակցական կամ այլ տարբերակվող պատկանելությունից։ Ծանոթացե՛ք «ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԻ» բովանդակությանը։ Գլոբալ Հայաստան նախաձեռնության կայքը — https://globalarmenia.am/ Навигация по записям Արցախահայերին աջակցության նախագծեր Հայ-ամերիկյան բիզնես կլաստերների նախագիծը